«Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է ուղեկցող գումարտակի հրամանատարը. մանրամասներ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:

Այս մասին իրենց պաշտպաններին հայտնել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը: Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը: Մասնավորապես, Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը մեր զրույցում պատմեց. «Գագիկ Եղիազարյանն այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սեֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ: Այդ անձն է եղել այպես կոչված օպերացիայի պատասխանատուն, երբ որ Գագիկ Եղիազարյանը պահանջել է, որպեսզի ընկերներին չհարվածեն և բռնության չենթարկեն, այդ անձը մի 10 ուղեկցողների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց և սկսել ծեծի ենթարկել նրան»,- պատմեց փաստաբանը»:

Լուսանկարը՝ armtimes.com-ի։ 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս