«Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս, ստեղծագործական մոտեցումներ». Սերժ Սարգսյան
ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձավ հարցին, թե ինչպես պետք է իրականացվի Կառավարության ծրագիրը:
«Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության` վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը:
Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզն ու տեմպը: Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ առաջինը՝ հաջողություն են արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել են հասարկությանը:
«Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք: Միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդեձ ընդունել է: Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել:
Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուողությամբ: Մենք պետք է հետևողակորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարարելու կարիքը:
Երկրորդը՝ թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը, պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար:
Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավական ազդեցիկ միջոցներ, և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ:
Երրորդը՝ մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավվելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում:
Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիների վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն, իսկապես դժվար է, սակայն նաև հետաքրքիր: Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները:
Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս, ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը: Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել: Շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ եթե կան հարցեր, հաճույքով կպաասխանի դրանց, սակայն հարցեր չհնչեցին: