ԵՄ-ն 2016թ. Հայաստանին տրամադրել է 27.5 մլն եվրո բյուջետային աջակցություն
Եվրամիությունն անցած տարի Հայաստանին 27.5 մլն եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել, որից 7 մլը` ընտրությունների կազմակերպման նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում 2016 թ. բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` թեև այդ գումարը բյուջեում ուղղակիորեն արտացոլված չէ, սակայն ԵՄ-ն շարունակել է մնալ ՀՀ-ի հիմնական գործընկերը:
«Ակտիվ շարունակվել են բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, տարբեր փոխայցելություններ են եղել`բարձր մակարդակի, Հայաստանը հասցրել է միանալ ԵՄ-ի տարբեր ծրագրերին, շարունակել նրանք, որոնց արդեն միացել էր»,- ասաց Շ.Քոչարյանը` կարևորելով հատկապես «Հորիզոն-2020»-ին և ԵՄ-ի այլ կրթական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքով` նախորդ տարիներին Հայաստանը ԵՄ-ից այս ծավալի բյուջետային աջակցություն չի ունեցել. «Սա ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ կատարման, բարեփոխումների իրականացման արդյուքն է»: