Մանրամասներ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում սպանությունների դեպքից
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը:
2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ստացել էին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էր նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի շարժառիթը, անմիջական մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Պ.Իսրայելյանի, Ա.Բանդուրյանի և Ա.Գասպարյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: