«Արդիական է մնում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիական միջոցների անհապաղ տեղաբաշխումը»

Հունիսի 28-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ.

«Հայաստանի համար փախստականների խնդիրը նույնպես շատ կարևոր է և արդիական՝ Սիրիայից ներգաղթող փախստականների առումով: Այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ընդունել է ավելի քան 22000 փախստականների: Սակայն մենք պետք է այսօր ոչ միայն քննարկենք, այլև գտնենք համարժեք լուծումներ, այդ թվում՝ Եվրապայում և այլ երկրներում համանման իրավիճակների լուծման նպատակով:

Այդ գործընթացին գնահատականներ տալու համար նույնիսկ մենք չունենք համապատասխան գործիքներ, որովհետև տարբեր երկրներում, կախված փախստականների թվականակից, նրանց՝ տեղում հարմարվելու պայմաններից, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կենսաապահովման խնդիրների լուծման ծախսերի միջև կան հսկայական տարբերություններ: Ուստի մենք պետք է ունենանք գնահատման համարժեք մեխանիզմներ:

Հայաստանին հաջողվել է լուծել Սիրիայից ներգաղթած փախստականների կրթական, աշխատանքին հարմարվելու,  ավելին՝ աշխատանքի տեղավորման շատ հարցեր՝ առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների: Սակայն բոլոր տարածաշրջաններում էլ, այդ թվում և Հայաստանում անհնար կլինի լուծել վերը նշված բոլոր հարցերը առանց կայուն տարածաշրջանի առկայության:

Ուստի ես գտնում եմ, որ այդ թվում ԼՂՀ և ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձությունները այլընտրանք չունեն, քան ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումը:

Այդ նպատակով առավել քան արդիական է մնում կոնֆլիկտի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիական միջոցների անհապաղ տեղաբաշխումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս