Թուրքական հետախուզությունը հետևում է գերմանացի պատգամավորներին. Die Welt
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը տեղեկություններ է հավաքել գերմանացի քաղաքական գործիչների նկատմամբ և հետևել է մասնավորապես ներքին գործերի, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած քաղաքագետներին: Այս մասին հունիսի 28-ին գրել է գերմանական Die Welt պարբերականը:
Պարբերականում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության (BKA) աշխատակիցներից մեկը նախորդ շաբաթների ընթացքում անվտանգության նկատառումներով հանդիպումներ է ունեցել մի քանի պատգամավորի հետ: Նա հանդիպումների ժամանակ Բունդեսթագի պատգամավորներին հայտնել է թուրքական հետախուզության կողմից նրանց հետևելու դեպքերի մասին:
BKA-ի աշխատակիցներից մեկը Die Welt-ի հետ զրույցում նշել է, որ պատգամավորների պաշտպանությունն իրենց սահմանադրական պարտականությունն է:
Ավելի վաղ ևս գերմանական մամուլը լուրեր էր հրապարակել Թուրքիայի հետախուզական ծառայությունների կողմից Գերմանիայում իրականացվող գործողությունների մասին: Այդ հրապարակումների հիման վրա Դաշնային դատախազությունը մարտի վերջին հետաքննություն էր սկսել: