Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի մեկնարկի ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, հայտարարեց, որ «առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի… արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծումը», կառավարությունը որոշել է հեշտացնել Հայաստանից արտագաղթածներից սեփական հողերը վերցնելու գործընթացը: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից:
Այսպես՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը:
Այլ հարց է, այս փոփոխությունը ինչպե՞ս է հասնելու, ասենք, Ռուսաստանի Չուկոտկայի գյուղերից մեկն արտագաղթած հայ ընտանիքին եւ ինչպե՞ս են նրանք տեղեկանալու, որ կորցնում են իրենց սեփականությունը: Իսկ եթե հաշվի առնենք, թե քանի հայ է վերջին տարիներին հատկապես մարզերից հեռացել Հայաստանից ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապա կարելի է պատկերացնել, թե հողային ինչ քանակի աճուրդներ կարող են լինել առաջիկայում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։