«Օդից կախված ծրագիր է». Կարինե Հակոբյանը՝ կառավարության ծրագրի մասին

Հրապարակախոս Կարինե Հակոբյանի գնահատմամբ՝ ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն «օդից կախված» ծրագիր է, և նախորդ բոլոր ծրագրերից ոչնչով չի տարբերվում: Նրա կարծիքով՝ քանի դեռ մենք մեր հազարամյակների ծրագրից կտրված ծրագրեր ենք ներկայացնում, չենք կարող արդյունք ակնկալել. ծրագիրը պետք է հիմնված լինի ազգային գաղափարախոսության վրա:

«Մենք վերնագիր ենք դնում՝ «արդյունավետ կառավարում», բայց ինչո՞ւ՝ մինչ այդ արդյունավետ չէ՞ր: Պատճառն այն է, որ մեզ մոտ պատասխանատվության ինստիտուտը ձևավորված չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարինե Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ խնդիր է նաև այն, որ մենք մեր երկրի զարգացման տեսլականը համապատասխանեցնում ենք ներդրողների հետ: Ըստ նրա՝ երբ ինչ-որ մեկը գալիս է, ուզում է ներդրում անել, անմիջապես համաձայնում են՝ առանց հասկանալու՝ սա մեր երկրի զարգացման համար օգտակա՞ր է, թե՞ ոչ:

Կարինե Հակոբյանն ուշադրություն հրավիրեց նաև ծրագրի և առհասարակ օրենսդրության լեզվի վրա: «Խճողված, ավելորդաբանություններով լեցուն, անտրամաբանական և վատ հայերեն». այսպես բնորոշեց նա կառավարության ներկայացրած ծրագրի լեզուն:

Կարինե Հակոբյանը կարևորեց մտքի, խոսքի և գործի կապը՝ ասելով. «Գոյություն ունեն սկզբունքներ, բայց մենք այդ սկզբունքներից հեռացել ենք: Եթե մեր խոսքը՝ գործին և գործը՝ գաղափարին չհամապատասխանի, մենք որևէ ակնկալիք չպետք է ունենանք այս ծրագրից: Արդեն իսկ այն, որ բյուջեից ընդամենը 0.3 % է հատկացվում կրթությանը, գործի, խոսքի և գաղափարի անհամապատասխանություն է: Հնարավոր չէ ասել մի բան, անել մեկ այլ բան և արդյունք ստանալ»:

Նրա խոսքով՝ խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները գործառույթ չունեն, միակ գործառույթը խոսքն է, իսկ խոսքից գործի անցնելու հնարավորություն չունեն: Այդ լծակներից զրկված են:

Անի Թորոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս