Բաժիններ՝

«340.000 գյուղացիական տնտեսություն լուրջ խնդիրներ ունի». Վարդան Համբարձումյան

«Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Վարդան Համբարձումյանի համոզմամբ՝ 340.000 գյուղացիական տնտեսություն լուրջ խնդիրներ ունի: Դրանք հաղթահարելու համար պետք է ստեղծվեն այնպիսի կոոպերացիաներ, որոնք իրենք են պատկերացնում:

Վարդան Համբարձումյանի խոսքով՝ գյուղացիների պատկերացրած կոոպերացիան առնվազն պետք է միավորի 40-ից ավելի տնտեսություն: 2012 թվականից գյուղատնտեսական կառավարության աջակցությամբ իրականացվում են արոտների կառավարման ծրագրեր, որտեղ ձևավորվել են արոտների կառավարման սպառողների կոոպերատիվներ: Բանախոսի փոխանցմամբ՝ այս ծրագիրն իրականացվում է սպառողական կոոպերատիվների օրենքով: Սակայն այստեղ ևս կան խնդիրներ՝ կապված համատեղ արտադրանքի իրացման, արտադրանքի նախնական վերամշակման, տեխնիկայի շահագործման հետ:

Ընդհանուր առմամբ գոյություն ունեն 250-ից ավելի կոոպերատիվներ: Իսկ թե ինչքանո՞վ են արդյունավետ գործում այս կոոպերատիվները, պարզաբանեց բանախոսը.

«Եթե որևէ մի կոոպերատիվում որևէ անդամ ստանում է գոնե մեկ ծառայություն, նշանակում է, որ կոոպերատիվն արդեն հաջողված է: Հաճախ են ասում, որ կեսը նորմալ չեն գործում, բայց եթե անգամ դրանց 20 %-ը նորմալ է գործում, դա արդեն հաղթանակ է»:

Վարդան Համբարձումյանը շեշտեց, որ կոոպերատիվներն այն սուբյեկտներն են, որոնց անընդհատ է պետք աջակցել, և նրանք պետք է անընդհատ զարգանան: Նրա կարծիքով՝ զարգանալուն խանգարում է կոոպերատիվների վերաբերյալ տեղեկատվությունը, նրանց գործունեության համար մշակված օրենսդրական դաշտի բացթողումները, որոնք պետք է շտկվեն, և ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

Խոսելով գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացման հեռանկարների ու հիմնախնդիրների մասին՝ Վարդան Համբարձումյանը նշեց, որ կոոպերացիա հասկացողությունը համագործակցության արդեն պետական գրանցում ունեցող տնտեսվարող սուբյեկտն է: Տնտեսվարողները փորձում են միավորել իրենց խնդիրները և կոոպերացիայի միջոցով հաղթահարել դրանք, արդյունքում՝ գյուղացիների համար կոոպերացիան դառնում է գործիք իրենց խնդիրները հաղթահարելու համար:

Վարդան Համբարձումյանի խոսքով՝ արդեն 17 տարի փորձ է արվում ՀՀ-ում զարգացնել գյուղատնտեսական կոոպերատիվներ:  Կատարված աշխատանքի արդյունքում՝ 2012 թվականին կառավարությունը գյուղատնտեսական կոոպերատիվների առաջնահերթությունն ագրարային ոլորտում ֆիքսեց պետականորեն:

«Մենք հասանք նրան, որ արդեն երկու տարի է՝ ունենք գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենք, բայց օրենքի շրջանակներում ստեղծվել են ևս 50 կոոպերատիվներ, որոնք հնարավորություն չեն ունենում աշխատել, քանի որ ուղղակի ձևով այդ կոոպերացիաները դիտարկվում են՝ որպես տնտեսվարող սուբյեկտներ»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս