«Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չէ». Ուկրաինայի դատախազություն
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը հայրենիք «այսօր հնարավոր չէ»: Այդ մասին հունիսի 27-ին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիում գտնող Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը։
Սահակաշվիլին «այսօր Ուկրաինայի քաղաքացի է եւ, այս երկրի Սահմանադրության համաձայն, նրա արտահանձնումը Վրաստանին հնարավոր չէ», ասել է Ենինը:
«Բայց մենք սերտ շփում ունենք վրացի մեր գործընկերների հետ, մեր միջեւ լավ ու ինտենսիվ համագործակցություն է հաստատված, մենք առաջ ենք ընթանում, այնպես որ ժամանակը ցույց կտա»,-հավելել է նա:
Նա նաեւ միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե այս թեման կշոշափվի արդյոք նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հուլիսին Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում:
«Չգիտեմ, այդ հարցը կքննարկվի արդյոք, քանի որ նախագահի այցի օրակարգն ինձ հայտնի չէ: Բայց մենք պատրաստ ենք պատասխանել մեր վրացի գործընկերների հարցերին»,-ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: