Կիևում ահաբեկչության զոհ է դարձել Հետախուզության գլխավոր վարչության պաշտոնյան. ԶԼՄ-ներ
«Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել է, որ Կիեւում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մաքսիմ Շապովալը:
Իր հերթին «Ստրանա.ua»-ն՝ հաստատելով որ ավտոմեքենայի ղեկին եղել է Շապովալը, գրում է, որ նա Հետախուզության գլխավոր վարչության պահեստազորի պետն է: Պորտալը նշում է, որ հայտնաբերվել է զոհվածի ծառայողական վկայականը:
Ինչպես փոխանցում է 112.ua-ն, Ուկրաինայի ՆԳ նախարարության հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Շեւչենկոն առայժմ հայտարարել է միայն, որ մեքենայում, որտեղ գործել է պայթուցիկ սարքը, գտնվում էր 1978 թվականին ծնված ուկրաինացի մի զինծառայող: Տեղի ունեցածը որակված է որպես ահաբեկչական գործողություն:
Ինչ վերաբերում է ռումբին, ապա դրա տեսակն ու հզորությունն առայժմ որոշված չէ: Հունիսի 27-ի առավոտյան Կիեւի Սոլոմենսկի շրջանում պայթել է Mercedes ավտոմեքենա: Վարորդը զոհվել է, եւս մեկ մարդ՝ տարեց մի տղամարդ, տուժել է: «Նա կա՛մ գտնվում էր մեքենայի կողքին եւ թեթեւ վնասվածք է ստացել, կա՛մ պարզապես հոգեբանական ինչ-որ ոչ մեծ վնասվածք է ստացել: Ամեն դեպքում նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-պատմել է Արտյոմ Շեւչենկոն, որի խոսքը մեջբերել է ՈւՆՆ-ն: