Բաժիններ՝

Կոլումբիացի ապստամբները հանձնել են ամբողջ զենքը. ՄԱԿ

«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորումը կատարել է զինաթափման իր բոլոր պարտավորությունները կառավարության հետ հաշտության համաձայնագրի շրջանակներում: Հունիսի 26-ին այս մասին հայտնել է Կոլումբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը։

«Այսօրվա դրությամբ ներկայացուցչությունում է պահվում ԿՀԶՈՒ-ի ամբողջ գրանցված անհատական զենքը. 7132 միավոր, բացառությամբ այն զենքի, որը, «ճանապարհային քարտեզին» համապատասխան՝ ԿՀԶՈՒ-ի 26 ճամբարների անվտանգության ապահովման համար կօգտագործվի մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը»,- ասված է հայտարարության մեջ:

Այդ ժամկետում ներկայացուցչությունը պլանավորում է հավաքել ամբողջ մնացած զինանոցը եւ զենքով կոնտեյներները հեռացնել «նորմալացման անցումային գոտիներից», որոնք կվերածվեն ապստամբների «ուսուցման եւ խաղաղ կյանքի վերադառնալու տարածքների»: «Զենքից հրաժարումը նշանավորում է նոր Կոլումբիայի սկիզբը, որը շարժվում է խաղաղության հաստատման ուղղությամբ:

Շնորհակալ եմ Կոլումբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը նրա աշխատանքի եւ օգնության համար»,- Twitter-ում գրել է հանրապետության նախագահ Խուան Մանուել Սանտոսը:

Կոլումբիայի կառավարությունը եւ ԿՀԶՈՒ-ն անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրել են հաշտության համաձայնագիր, որը վերջ դրեց կեսդարյա զինված դիմակայությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս