Բրազիլիայի դատախազը նախագահ Տեմերին մեղադրել է կոռուպցիայի մեջ
Բրազիլիայի գլխավոր ֆեդերալ դատախազ Ռոդրիգո Ժանոտը երկրի նախագահ Միշել Տեմերին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրել, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Մեղադրանքն ուղարկվել է Գերագույն դատարան: Բրազիլական օրենսդրության համաձայն՝ Կոնգրեսի ստորին պալատն այժմ պետք է քվեարկի եւ որոշի, թե թույլատրի արդյոք դատարանին դատավարություն սկսել նախագահի գործով: Այդ մեղադրանքն, ինչպես սպասվում է, կլինի առաջինը երկրում ժողովրդականություն չվայելող ղեկավարի նկատմամբ կոռուպցիայի ենթադրյալ էպիզոդների գործերի շարքում, նշել է գործակալությունը:
Բրազիլիայում քաղաքական ճգնաժամը բորբոքվել է այն բանից հետո, երբ հայտնվեց ձայնագրություն, որտեղ Տեմերն իբր քննարկում է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Էդուարդո Կունյայի «լռության գնումը»: Տեմերը մեղադրանքները ժխտում է: