Բաժիններ՝

10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Աննա Արևշատյանը

Շաբաթն ամփոփելու և աշխատանքային եռուզեռին պատրաստվելու լավագույն միջոցներից մեկը ֆիլմերի դիտումն է՝ ընկերների հետ կամ միայնակ, ինչպես կցանկանաք: Ֆիլմերն օգնում են նոր լիցքեր և գաղափարներ ստանալ, և երևակայության խաղի շնորհիվ աշխատանքային օրերի կադրերն ավելի հիշարժան դառնալու հնարավորություն կստանան:

168.am-ի նախաձեռնած ֆիլմեր առաջարկելու գործընթացին այս շաբաթ միացել է ռեժիսոր Աննա Արևշատյանը, ով 2016 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Բարի լույս», որը «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե Ծիրանի», Տորոնտոյում կայացած «Pomegranate Film Festival»-ին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակի, Հայաստանի Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ «Լավագույն դեբյուտային ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն»:

10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել ռեժիսոր Աննա Արևշատյանը

«8½» («Ութ ու կես», «Otto e mezzo»)
Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կինոնկարը պատմում է ռեժիսորի ստեղծագործական գործընթացի մասին. ճգնաժամ, որոնումներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, սուբյեկտիվի և օբյեկտիվի անխախտելի հոսք:
Եվ, իհարկե, կանանց լիություն, ովքեր շրջապատում են գլխավոր հերոսին՝ Գուիդոյին (Մարչելլո Մաստրոյանի) և բոլորը՝ առանց բացառության, սիրում են նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Լարովի նարինջ» (A Clockwork Orange) 

Հայտնի ամերիկյան ռեժիսոր Սթենլի Կուբրիկը «Լարովի նարինջ» ֆիլմում ներկայացնում է երիտասարդների շրջանում հանցագործությունների պատճառի սպառիչ վերլուծություն, ժամանակակից հասարակության մեջ ընդունված բարոյական արժեքների նկատմամբ նոր սերնդի անհանդուրժողականությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսն անխիղճ դեռահաս Ալեքսն է (Մալքոլմ Մաքդաուել), ով իր հանցախմբի հետ կատարում է սպանություններ, բռնաբարություններ, հայտնվում է բանտում, որտեղ հատուկ բուժման միջոցով փորձում են ճնշել բռնության նկատմամբ նրա ենթագիտակցական հակումները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սիրային տրամադրություն» (In the Mood for Love) 

Հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի այս գլուխգործոցի հերոսները՝ Սուն և Չոուն, նույն օրը տեղափոխվում են բնակելի տան հարակից սենյակներ: Նրանց ամուսինները հաճախ են երկար մնում աշխատավայրում: Մենք նրանց երբեք չենք տեսնում: Չոուն ճանաչում է Սուի պայուսակը, որը նրան նվիրել է ամուսինը: Նրա կինն ունի այդ նույն պայուսակից: Իսկ Սուն ճանաչում է Չոուի փողկապը, որը վերջինիս նվիրել է նրա կինը: Այդ նույն փողկապից ունի նաև իր ամուսինը:

Ակնհայտ է դառնում Չոուի կնոջ և Սուի ամուսնու դավաճանությունը: Ի՞նչ անել. վրեժխնդի՞ր լինել, թե՞ պարզապես սուզվել սիրո տրամադրության քաղցր երաժշտության մեջ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Վերջին շնչում» (À bout de souffle) 

Ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմը պատմում է Միշել Պուակարի (Ժան Պոլ Բելմոնդո) մասին, ով ապրուստը վաստակում է թանկարժեք ավտոմեքենաներ գողանալով: Նա երբեք չի մտածում իր արարքների հետևանքների մասին. նա պարզապես ապրում է՝ ինչպես ցանկանում է: Գուցե՝ որովհետև երիտասարդ է և ինքնավստահ:

Բայց մի օր Միշելը սպանում է մի ոստիկանի՝ պարզապես տհաճ հարցաքննություններից խուսափելու համար: Այդ պահից սկսվում են նրա կյանքի անախորժությունները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Կանայք՝ նյարդային պոռթկման եզրին» (Mujeres al borde de un ataque de nervios) 

Պեդրո Ալմոդովարի ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Պեպա Մարկոսին (Կարմեն Մաուրա) լքում է նրա սիրեկանը՝ Իվանը: Պեպան փորձում է պարզել իրենց բաժանության պատճառները, բայց ճանապարհին առերեսվում է Իվանի նախկին կնոջ հետ: Պեպայի ընկերուհին կապվել է ահաբեկչի հետ, իսկ նրա փաստաբանը, պարզվում է՝ իսկական սրիկա է: Հնարավո՞ր է այս ամենի միջով անցնել և չխելագարվել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Հաուլի թափառող դղյակը» (Howl’s Moving Castle) 

Լիամետրաժ անիմե-ֆիլմը նկարահանել է ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին՝ անգլիացի գրող Դիանա Ուին Ջոնսի համանուն վեպի մոտիվներով:
Չար կախարդը 18-ամյա Սոֆիին վերածել է տարեց կնոջ: Սոֆին սկսում է որոնել նրան, ով կօգնի իրեն վերադարձնել նախկին կերպարանքը, և ծանոթանում է հզոր հրաշագործ Հաուլի և դիվային կրակ Կալցիֆերի հետ: Կալցիֆերը պետք է ծառայի Հաուլին՝ համաձայն պայմանագրի, որի պայմանները նա չի կարող բարձրաձայնել: Աղջիկը և կրակը որոշում են օգնել միմյանց ազատվել չար ուժերից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction) 

Ֆիլմի ռեժիսորն ամերիկյան անկախ կինոյի ռեժիսոր հանրահայտ Քվենտին Տարանտինոն է:

Երկու հանցագործներ՝ Վինսենթ Վեգան և Ջուլս Ուիննֆիլդը, իրենց քրեական բոսսի՝ գանգստեր Մարսելլաս Ուոլլեսի խնդիրների լուծման արանքում ժամանակն անցկացնում են փիլիսոփայական զրույցներ ծավալելով: Զուգահեռաբար ընթանում են երեք պատմություններ: Առաջինում Վինսենթը հետևում է Ուոլլեսի կնոջը՝ Միային, և փրկում է վերջինիս թմրանյութերի չարաշահումից:

Երկրորդում պատմվում է բռնցքամարտիկ Բուտչ Կուլիջի մասին, ում մենամարտ անցկացնելու համար վարձել է Մարսելլասը, բայց խաբել է նրան:

Երրորդ պատմությունը համատեղում է առաջին երկուսը. սրճարանում երիտասարդ, անհաջողակ ավազակները կողոպուտի փորձ են կատարում, բայց Ջուլսը կանգնեցնում է նրանց:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Հիրոսիմա, իմ սեր» (Hiroshima mon amour) 

Ֆրանսիացի կինոռեժիսոր Ալեն Ռենեի ֆիլմը պատմում է զգացողությունների բարդ աշխարհի՝ ֆրանսիացի կինոդերասանուհու և ճապոնացի ճարտարապետի կարճ սիրո մասին: Նրանցից յուրաքանչյուրին, սակայն, ճնշում է անցյալի բեռը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Պատը» (The Wall) 

Լոսանջելեսյան հյուրանոցի համարներից մեկում, որտեղ փակվել է ռոք երաժիշտ Փինքը, ամեն ինչ խառնվել է. ժամանակ և տարածություն, իրականություն և մղձավանջ: «Պատի» յուրաքանչյուր աղյուսը նրա զգացմունքներն են, մտքերը, հիշողությունները:

Ռեժիսոր Ալան Փարքերը ֆիլմը նկարահանել է Ռոջեր Ուոթերսի սցենարով, որի հիմքում ընկած է բրիտանական Pink Floyd ռոք-խմբի 1979 թվականի համանուն ձայնասկավառակը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Աղմուկի հնչյունները» (Sound of Noise) 

Ռեժիսորներ Ուլա Սիմոնսոնի և Յուհանես-Շերներ Նիլսոնի քրեական կատակերգությունը պատմում է վեց էքսցենտրիկ հարվածային գործիքների վրա նվագողների մասին, ովքեր համերգներ են կազմակերպում առավել անհամապատասխան վայրերում և նվագելու համար օգտագործելով ձեռքի տակ ընկած բոլոր իրերը: Նրանց փորձում է ընդդիմանալ Ոստիկանության աշխատակցի Ամադեուս Վերնեբրինգը, ում նպատակն է՝ բռնել երաժիշտներին, ովքեր ահաբեկում են քաղաքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս