«Սասնա ծռերի» վերաբերյալ Գևորգ Կոստանյանի ասածները սխալ են մեջբերել. «Ա1+»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը հիշում է, որ ինքը ժամանակին հայտարարել էր, որ եթե ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» վայր դնեն զենքը, ապա նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր նա պնդում է, որ ժամանակին իրեն սխալ են մեջբերել. «Հանցագործություն կատարած անձինք, եթե իրենց արարքներում այլ հանցակազմ չի պարունակում, ապա այդ շենքեր շինություններ ազատելու, կամ պատանդներ ազատ արձակելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»:
Նախկին գլխավոր դատախազը չի բացառում, որ շենք գրաված եւ պատանդ վերցրած մարդիկ կարող են խոշտանգել իրենց զոհերին, հետո բաց թողնել: Փաստ է, որ ծռերը ոչ մեկին չեն խոշտանգել, փոխարենը նրանցից երկուսն, ըստ մեղադրանքի, պատասխանատու են երկու սպանության համար, մյուսներն, ըստ նախկին գլխավոր դատախազի նախկինում արված հավաստիացումների, պետք է որ ազատ արձակվեին. «Փաստաբաններն արդեն կարող են բարձրացնել այդ հարցը, թե ինչի, եթե իրենք գտնում են, որ այդ անձանց արարքներում այլ հանցակազմի տարրեր չկան, ինչու նրանց նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով չի դադարեցվում»:
Նախկին գլխավոր դատախազը նորմալ է համարում նաեւ, որ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին ձերբակալել են զենքի մաքսանենգության հետ կապված հոդվածով, որը ոչ մի կապ չունի այսօր առաջադրված՝ փողերի լվացման մեղադրանքի հետ. «Մարդուն մեղադրանք են առաջադրում այդ պահին նախաքննության տրամադրության տակ առկա ապացույցների հիման վրա ինչ-որ հանցանք կատարելու մեջ: Նախաքննության ցանկացած փուլում դա կարող է փոխվել: Կարող է փոխվել նաեւ դատարանում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: