Մահացել է Ռուբեն Գևորգյանցը
Հունիսի 23-ին 71 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը: Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: 1989թ-ից եղել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1995-1998թթ. դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1998թ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2003թ-ից` պրոֆեսոր):
Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն:
Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 3 գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»: Նկարահանվել է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմում:
1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար: 2002թ-ից Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, 2004թ-ից` Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը, 2005թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
«168.am»-ի խմբագրակազմը ցավակցում է Ռուբեն Գևորգյանցի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստյան վիշտը: