Բաժիններ՝

Արաբական երկրները Կատարից պահանջում են խզել կապերը Իրանի հետ. Associated Press

Արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով փաստաթղթին:

Ըստ նրա տեղեկությունների՝ պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի այդ, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել: Ճգնաժամից դուրս գալու բոլոր պայմաննները պետք է կատարվեն 10 օրվա ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Reuters գործակալությունը, պահանջների ցանկը փոխանցվել է Քուվեյթի կողմից: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս