Ադրբեջանի կողմից արկակոծված սահմանամերձ գյուղերում կատարվել են փաստահավաք աշխատանքներ

Մայիս-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 20-ին այցելել են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղեր: Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև տեղանքի, գնդակոծության  վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ գնդակոծության են ենթարկվել նաև գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները: Այս ամենը հաստատում են, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ (տես՝ լուսանկարները):

Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պահանջները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Ամփոփման արդյունքում կկազմվի հատուկ զեկույց՝ միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

Տավուշի մարզ այցելության ընթացքում Պաշտպանը ծանոթացել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրներին, որոնք վերաբերել են առավելապես  սոցիալական ապահովության իրավունքին: Դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս