«Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը». Եղիսաբեթ Երկրորդ
Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ գահաճառով հանդես գալով խորհրդարանում:
«Մանչեսթրում եւ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողությունների լույսով իմ կառավարության հակաահաբեկչական ռազմավարությունը կվերանայվի՝ երաշխավորելու, որ ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները կունենան անհրաժեշտ բոլոր լիազորությունները, եւ որ ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար պատժաժամկետների տեւողությունը բավարար կլինի բնակչության անվտանգության համար»,-ասել է նա:
«Ստեղծվելու է ծայրահեղականության հակազդման հանձնաժողով՝ նպատակ ունենալով ինչպես հասարակության մեջ, այնպես էլ Համացանցում ծայրահեղականության գաղափարախոսությունը՝ դրա բոլոր դրսեւորումներով, արմատախիլ անելու գործում կառավարության ջանքերին աջակցելը»,-նշել է միապետը:
Վերջին երեք ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել չորս ահաբեկչական գործողություն, որոնցից երեքը՝ Լոնդոնում: Զոհվել են տասնյակ մարդիկ, իսկ ոստիկանությունը փոխադրվել է աշխատանքի ուժեղացված ռեժիմի:
Իր ավանդական ելույթի ընթացքում միապետը ներկայացրել է կառավարության գործունեության առաջիկա երկու տարվա ծրագիրը: Ընթերցելով իր համար վարչապետ Թերեզա Մեյի դիվանատան կողմից պատրաստված ճառը՝ թագուհին բացել է նոր գումարման օրենսդիր մարմնի առաջին նստաշրջանը: Այն ձեւավորվել է հունիսի 8-ին կայացած ընտրությունների արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: