Պաշտոնական. «Բարսելոնան» Հայաստանում ունի պաշտոնական ֆան-ակումբ
Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին և կայացրել մի քանի որոշում:
Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական ֆան-ակումբների՝ «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ Հայաստանում և ևս 8 երկրներում:
«Այն Բարսամաններին հնարավորություն կտա դառնալ «Բարսելոնայի» պաշտոնական անդամ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ թե՛ Բարսելոնայում, թե՛ Հայաստանի տարածքում: Յուրաքանչյուր անդամ կունենա իր սեփական քարտը՝ ուղարկված Կատալոնիայի մայրաքաղաքից, որի միջոցով կօգտվի բազմաթիվ զեղչերից, ակցիաներից»,- գրել է հայաստանյան ֆան-ակումբի նախագահ Սպարտակ Պետրոսյանը:
«Պենյա Բլաուգրանա Երևանը» «Բարսելոնայի» առաջին պաշտոնական ֆան-ակումբն է Հայաստանում, երկրորդը՝ ԱՊՀ ողջ տարածքում:
Այդպիսով պաշտոնական ֆան-ակումբների թիվը հասավ 120-ի: Վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» քանակը երկու անգամ աճել է:
Սիրարփի Աղաբաբյան