Թուրքիայում «արդարության քայլերթը» շարունակվում է
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվում է երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային հանրապետական ճակատ»-ի (ԱՀԿ) կողմից կազմակերպված «արդարության քայլերթ»-ը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ մեջբերելով կուսակցության ներկայիս նախագահ՝ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերը:
«Այս քայլերթի ընթացքում մենք բազմիցս կարող էինք և կարող ենք հարձակման ենթարկվել: Ով ցանկանում է, կարող է մեզ քննադատել և մեղադրել, սակայն մենք շարունակելու ենք մեր գործը: Մեր «քայլերթը» երկրում արդարության հասնելու համար է, բոլոր թուրքերի համար: Մենք այն կշարունակենք հանուն 80 միլիոն թուրքերի»,- նշել է Քըլըչդարօղլուն:
Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մելթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհներին տեղադրված վրաններում:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: