Եթե դրսից չհրահրեն, ռազմական գործողությունները չեն վերսկսվի. Բրայզա. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԼՂ հակամարտությունը խանգարում է Հարավային կովկասում տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բրայզայի խոսքով, երբ ինքը ՄԽ համանախագահներից մեկն էր, միջնորդներն առաջ էին շարժվում, քանի որ ԱՄՆ եւ ՌԴ նախագահները՝ Ջորջ Բուշն ու Դմիտրի Մեդվեդևն ուշադիր էին այս հակամարտության հարցում և անմիջական մասնակցություն էին ունենում դրա կարգավորմանը: «Իսկ հիմա ես վախենում եմ, որ ԱՄՆ-ն հստակ քաղաքականություն չունի և ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ամբողջ աշխարհում: …Այժմ քննություն է ընթանում ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության հարցով, և քանի դեռ այս բոլոր հարցերը չեն կարգավորվել, ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժերն անհնար են»,- ասել է Բրայզան:
Դիվանագետն ընդգծել է, որ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից: «Կարծում եմ, որ նման բան կլինի միայն, եթե դրսից հրահրեն»,- ասել է Բրայզան և հավելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի կանխատեսում, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն իրենց անձնական ներդրումը չունենան հակամարտության կարգավորման հարցում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։