«Կարեն Կարապետյանի խոսելու պատճառով Սարգսյան Արտակը 20 հազարից ավելի ձա՞յն է հավաքել». Հովհաննես Իգիթյան

«Թվում է, թե շատ հաճելի հնչող հասկացություն է՝ խորհրդարանական կառավարում, բայց իրականում ընտրված ձևը լավագույնը չէ ու Հայաստանին չի համապատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած կառավարման ձև պետք է առաջ տանի քաղաքական գաղափարներն ու քաղաքականության մեջ լավագույն մարդկանց. «Նույնիսկ ՀՀԿ-ից լավագույնները չեն անցել խորհրդարան, այլ ռեյտինգային պատգամավորները, որոնք ընդհանրապես քաղաքական գործիչ չեն կարող լինել։ Քաղաքական շունչ ունեցող անձն այս ձևով հնարավորություն չունի ընտրվելու»։

Իգիթյանը նկատեց՝ այն մարդիկ, որոնք իրենց համարում էին ՀՀԿ-ի դեմքը, թող փորձեին՝ գնային և ընտրվեին ընտրատարածքում. «Սկսած ԱԺ նախագահից, տեղակալներից՝ թող գնային, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանի հետ փորձեին ընտրվել։ Թող Արփինե Հովհաննիսյանը կամ Դավիթ Հարությունյանը, որը հայրն է այս ընտրական համակարգի, փորձեին գնալ և որևէ ընտրատարածքում իրենց կուսակից ընկերների հետ ընտրվել»։

Նա այն կարծիքին է, որ Հայաստանի համար շռայլություն է՝ չունենալ լավ քաղաքական ինստիտուտներ, այդ թվում՝ պառլամենտ. «Ստացվում է այնպես, որ մեր ամբողջ բևեռը տեղափոխվում է կառավարություն, և կառավարությունն իրեն հարմար, հաճելի ցանկացած օրենսդրություն կարող է բերել և անցկացնել»։

168.am-ի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Կարեն Կարապետյանի գործոնը մեծ նշանակություն ունեցավ ՀՀԿ-ի ձայների առումով, նա այսպես արձագանքեց.

«Մենք տեսել ենք բազմաթիվ հաճելի կամ լավ հագնված մարդկանց, լսել լավ խոսքեր։ Բայց ընտրատարածքներում մենք տեսնում էինք՝ ինչպես էին հավաքում ձայները։ Հիմա դուք ուզում եք ասել, որ Կարեն Կարապետյանի խոսելու պատճառով Սարգսյան Արտակը 20 հազարից ավելի ձա՞յն է հավաքել։ Այսինքն՝ Կարապետյանը քարոզում էր, որ այդ մարդիկ անցնեի՞ն։ Դա ձևականություն էր ուղղակի, մեկը խոսում էր, ու տպավորություն ստեղծվում, թե լավ խոսքերով կարելի է ձայն հավաքել պառլամենտում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս