«Ես ցանկանում եմ պարզորոշ հայտարարել, որ երբեք չեմ հանդիպել և որևէ զրույց չեմ վարել ռուս պաշտոնյաների հետ». Ջեֆ Սեշնս
ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հերքել է Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ նախահամաձայնության որեւիցե նշանների մասին տեղեկատվությունը: Այս մասին նա հայտարարել է անցյալ տարվա ամերիկյան ընտրությունների ընթացքին ՌԴ-ի՝ իբր տեղ գտած միջամտության վերաբերյալ պնդումների քննարկմանը նվիրված ունկնդրումներում:
«Ենթադրությունը, թե ես մասնակցել եմ ինչ-որ նախահամաձայնության… սոսկալի եւ նողկալի սուտ է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «տեղյակ չէ նախահամաձայնության որեւիցե նշանների մասին» նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի եւ ՌԴ-ի միջեւ:
Նախարարը նաեւ մեկնաբանել է CNN հեռուստաալիքի տեղեկատվությունը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր հանդիպման մասին, որը կարող էր տեղի ունենալ 2016 թվականի ապրիլի 27-ին «Մեյֆլաուեր» հյուրանոցում: «Ես ռուս պաշտոնյաների հետ մասնավոր հանդիպումներ չեմ ունեցել «Մեյֆլաուեր» հյուրանոցում»,- նշել է նա:
Ըստ որում Սեշնսն ընդգծել է, որ երկու անգամ հանդիպել է դեսպանի հետ եւ նրա հետ «անտարակույս» չի քննարկել «ոչ մի այնպիսի բան, որն անտեղի լիներ»: «Ես ցանկանում եմ պարզորոշ հայտարարել, որ երբեք չեմ հանդիպել եւ որեւէ զրույց չեմ վարել ռուս պաշտոնյաների հետ», որոնք վերաբերեին անցյալ տարի կայացած ամերիկյան ընտրություններին կամ միջամտությանը ընտրական գործընթացին, նշել է Սեշնսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: