Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

Վորոնեժի մարզում Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-հայտնեց Բալայանը:

Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը հայտնել էր Վորոնեժի մարզում երեք մարդու, այդ թվում՝ երկու երեխայի տուժելու մասին:

Հունիսի 13-ի առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել էր փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել Է ճամփեզրի առուն:

ՆԳ նախարարության տվյալներով՝ տուժածներից երկուսը երեխաներ են՝ յոթնամյա մի տղա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, եւ տասնամյա աղջնակ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել էին Բոգուչարսկիի հիվանդանոց: Ոստիկանները գործադիր իշխանության մարմինների հետ փոխգործակցությամբ փորձում էին լուծել ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչեւ կժամաներ հաջորդ ավտոբուսը եւ նրանց կհասցներ նշանակման վայր:

Տեսանյութեր

Լրահոս