ԱՄՆ-ում թխել են աշխարհում ամենաերկար պիցցան
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆոնթանա քաղաքում թխել են աշխարհի ամենաերկար պիցցան: Այդ մասին հայտնել է L.A. Weekly-ն: Կերակրատեսակի երկարությունը կազմել է 2092 մետր:
Ռեկորդի սահմանմանը մասնակցել են մի քանի տասնյակ խոհարարներ: Նրանք պիցցայի պատրաստումն սկսել են հունիսի 11-ի երեկոյան ժամը 7-ին եւ այն ավարտել միայն հաջորդ առավոտյան: Որպես հովանավոր է հանդես եկել պիցցայի համար վառարանների խանութի հիմնադիր Ֆեշ Ասվադին, որը տրամադրել է անհրաժեշտ բաղադրիչները՝ պանիր, սոուս եւ ալյուր:
Խոհարարական նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչուհու կողմից, որը ներկա է եղել պատրաստման ընթացքում: Ինչպես նշում Է L.A. Weekly-ն, մրցույթի մասնակիցներին արգելված էր դեն նետել չօգտագործված մթերքները: Բոլոր մնացորդներն անհրաժեշտ էր մատուցել կարիքավորներին:
2016 թվականի մայիսին հաղորդվել էր, որ աշխարհում ամենաերկար պիցցայի ռեկորդը սահմանել են Իտալիայի Նեապոլ քաղաքում: Տեղի խոհարարները կերակրատեսակը թխել են 1854 մետր երկարությամբ: Վարպետներին պահանջվել է ավելի քան 2 հազար կիլոգրամ ալյուր, 1,6 հազար կիլոգրամ տոմատ, 2 հազար կիլոգրամ մոցարելա պանիր, 200 լիտր ձիթայուղ եւ 30 կիլոգրամ ռեհան: Նախորդ ձեռքբերումը գրանցվել է 2015 թվականին Միլանում: