Գերմանիայի դեսպանը կայցելի Թուրքիայում բանտարկված գերմանացի լրագրողին
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը հունիսի 13-ին Սիլիվրիի բանտում կայցելի գերմանական Die Welt պարբերականի կալանավորված թղթակից Դենիզ Յուջելին: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը:
Նա տեղեկացրել է, որ այցը երկար ժամանակ է ծրագրվում էր: «Այդ պահը եկել է»,- նշել է նա: Սա Թուրքիայում Գերմանիայի դեսպանի առաջին այցն է լրագրողին, որն իրականանում է թուրքական կողմի հետ երկարատև բանակցությունների արդյունքում:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:
Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը: