Իտալիայում ընդդիմադիր «5 աստղի շարժումը» պարտվեց ընտրություններում
Իտալիայի «5 աստղի շարժում» առաջատար ընդդիմադիր ուժը ջախջախիչ պարտություն է կրել հունիսի 11-ին երկրում կայացած մասնակի վարչական ընտրությունների արդյունքներով, ինչի մասին վկայում են exit-poll-ի նախնական տվյալները:
Իտալիայի ավելի քան հազար կոմունաների և քաղաքների բնակիչները, որոնցից 150-ի բնակչությունը գերազանցում է 15 հազարը, հունիսի 11-ին ընտրել են քաղաքագլուխների, օկրուգային և մարզային խորհուրդների պատգամավորների: Այդ քվեարկությունը տեղի է ունենում չորս քաղաքներում, որոնք մարզերի վարչական կենտրոններ են՝ Պալերմո (Սիցիլիա), Ջենովա (Լիգուրիա), Կատանձարո (Կալաբրիա) և Լ’Ակուիլա (Աբրուցո): Ընդամենն իրենց ձայնը տալու հնարավորություն է ընձեռվել ավելի քան 9 միլիոն իտալացիների:
RAI հեռուստառադիոընկերության exit-poll-ը ցույց է տվել, որ «5 աստղի շարժման» թեկնածուները չեն անցել ընտրությունների երկրորդ փուլ՝ զբաղեցնելով երրորդ կամ չորրորդ տեղերը բոլոր յոթ խոշորագույն քաղաքներում, որտեղ քվերկություն Է տեղի ունեցել: Բացի վերոհիշյալ մարզային կենտրոններից, ընդդիմությունը չի կարողացել հաղթել նաև Պարմայում, Վերոնայում և Տարանտոյում: Այդ բոլոր քաղաքներում քաղաքագլխի պաշտոնի համար երկրորդ փուլում, որը տեղի կունենա հունիսի 25-ին, կպայքարեն աջ կենտրոնամետ և ձախ կենտրոնամետ կոալիցիաների թեկնածուները: Ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 60 տոկոս, դրա վերջնական արդյունքներն առայժմ հաշվարկում է երկրի ներքին գործերի նախարարությունը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ներկայիս քվեարկությունը ցույց կտա ուժերի բաշխումն ապագա ընդհանուր ընտրություններում, որոնք պլանավորված են 2018 թվականի սկզբին: