Բաժիններ՝

«Մենք ուրիշ աշխարհում էինք հայտնվել, և այդ ամենին ուրիշ անվանում չգտա, քան օտար ժամանակները»․ Վասակ Դարբինյանի «Օտար ժամանակներ» գիրքն արդեն վաճառքում է

«Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Վասակ Դարբինյանի՝ «Օտար ժամանակներ» վերնագրով նոր գրքի շնորհանդեսը: Վասակ Դարբինյանի գրքում ամփոփված են արձակ ստեղծագործությունների երկու շարք՝ «Օտար ժամանակներ» և «Կյանքի հակառակ կողմը»:

«Օտար ժամանակների» հերոսը անդադար սպասումի և փնտրտուքի սահմանին է: «Կյանքի հակառակ կողմում» ժողովրդական առածների և ասացվածքների իմաստափոխությունն է: 

Շարքերի վերնագրերի ընտրության համար հեղինակն ունի իր բացատրությունը․

«Օտար ժամանակներ»

«Մեր սերունդը երկու կենսակերպի, երկու իրականության, երկու հասարակարգի, երկու իրարամերժ համակարգերի կրողն է։ Մենք հակադրվում էինք սովետական իրականությանը՝ երբեմն թշնամանալու չափ։

Մեզ վիճակված էր մեծանալ ու ապրել այդ իրականության մեջ։ Հետո փլվեց այդ իրականությունը։ Այս ամենի միջով մենք պիտի անցնեինք։ Մենք ուրիշ աշխարհում էինք հայտնվել, և այս ամենին ուրիշ անվանում չգտա, քան օտար ժամանակները»։ 

«Կյանքի հակառակ կողմը»

«Ունենալով բոլոր նախադրյալները բարեկեցիկ, ուժեղ պետություն ստեղծելու՝ մենք բաց թողեցինք մեր նպատակները, երազանքները ու վերադարձանք գոյատևելու, մաքառելու մեր դարավոր կյանքին։ Պատճառը թաքնված է մեր աշխարհընկալման մեջ։ Ինչ-որ պահից աշխարհն ամենքիս առաջ դարձավ անճանաչելի»։

Շնորհանդեսին ներկա էին գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, որոնք իրենց կարծիքն արտահայտեցին ինչպես գրքի, այնպես էլ հեղինակի մասին։

Գրող Արմեն Շեկոյանի կարծիքով՝ գրքի վերնագիրը երևի թե գրքի միակ «կեղծիքն» է, որովհետև այդ ժամանակները Վասակի համար օտար չեն եղել․ «մեզ համար կարող է՝ օտար լինեին, բայց ոչ իր»։ 

Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի խոսքով՝ գրքում կարելի է գտնել անկախությունը․ գիրքը բաժանված է երկու մասի․ առաջինում ստեղծագործություններ են, որոնք նկարագրում են մինչև 90-ական թվականները, իսկ երկրորդ մասում այն ստեղծագործություններն են, որոնք գրվել են 90-ից հետո։

«Վասակը մի սերունդ է , որն իր երիտասարդության հաշվին, իր երջանկության հաշվին, սեր չճանաչած իր սերերի հաշվին ազնվորեն իր ուսերի վրա կրեց ամբողջ ծանրությունը․ և՛ Արցախյան պատերազմի, և՛ ՀՀ անկախության, և՛ երկրաշարժի»,- ասաց բանաստեղծ Վահագն Աթաբեկյանը։ 

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս