ՊՊԾ գնդում անհետացած միլիոններից ևս երկուսն է հայտնաբերվել. ում մոտ է այն եղել, և որտե՞ղ է մնացած գումարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ սկսվեց նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունը: Սակայն դատական նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց. «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը դատավորի գալու ժամանակ ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ դատարանում լռություն և կարգուկանոն պահպանելու կոչերն էլ վերածվեցին վիճաբանության, և նիստն ընդմիջվեց:
Այս քրեական գործի զարմանալի դրվագներից մեկն էլ «Սասնա ծռերի» չորս անդամներին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքն է: Բանն այն է, որ մինչեւ հիմա պաշտոնապես հայտնաբերվել է մեղսագրվող գումարից 300 հազար դրամը՝ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հափշտակված գումարի ևս որոշ հատված են հայտնաբերել՝ 2 միլիոն դրամ, խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի մոտ: Իսկ թե ուր է մնացած գումարը դեռեւս պարզ չէ. իրավապահներն այդպես էլ չեն խոսում այդ մասին: Ու չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ իրականում 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքը շինծու է՝ քաղաքական վրեժխնդրության հետևանք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։