Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը լույսերը կմարի ի հիշատակ Թեհրանի ահաբեկչության զոհերի

Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, լույս հունիսի 9-ի գիշերն իր լույսերը կմարի ի հիշատակ Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի, որոնք 17 մարդու կյանք խլեցին: Այդ մասին Twitter ցանցի իր օգտահաշվում գրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն:

«Այս երեկո, կեսգիշերին, Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը ի հիշատակ Թեհրանի ահաբեկչական գործողությունների զոհերի: Փարիզը եւ փարիզցիները համերաշխություն են հայտնում»,-գրել է Իդալգոն:

Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում տեղի ունեցած հարձակումների մանրամասները: Նշվել է, որ ահաբեկիչների երկու խմբեր միաժամանակ հարձակումներ են իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում եւ Իրանի խորհրդարանում: Ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:

Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 17, վիրավորվել շուրջ 50 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս