«Ես կարծում եմ, որ ոչ մեկը ողջ չէր մնա». Պուտինը պատմել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև զինված հակամարտության հետևանքների մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բացահայտ եւ ընդգրկուն զինված հակամարտությունից ողջ չի մնա ոչ ոք: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում: Երես առ երես ձեւաչափով Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցների այս շարքի հիման վրա Սթոունը նկարահանել է չորսսերիանոց վավերագրական ֆիլմ, որն ԱՄՆ-ում Showtime հեռուստաալիքով կցուցադրվի հունիսի 12-15-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում եմ, որ ոչ մեկը ողջ չէր մնա»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե նրա կարծիքով, ԱՄՆ-ին կհաջողվի արդյոք հաղթել, եթե Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ դիմակայությունն անցնի թեժ ռազմական փուլի: Բացի դրանից, Սթոունը հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը հույս տալիս է արդյոք բարելավելու ռուս-ամերիկյան հարաբերությունները:
«Հույս միշտ էլ կա»,- պատասխանել է Պուտինը: Ֆիլմի՝ էկրան բարձրանալուն նվիրված գովազդային տեսահոլովակը Showtime-ը հունիսի 6-ին զետեղել է YouTube-ում: