Դոհան պատասխան միջոցներ չի ձեռնարկի Պարսից ծոցի հարևան պետությունների նկատմամբ
Դոհան պատասխան միջոցներ չի ձեռնարկի Պարսից ծոցի հարեւան պետությունների նկատմամբ, որոնք հայտարարել են Քաթարի հետ հարաբերությունների խզման մասին, եւ նրանց երկխոսության կոչ է անում: Այդ մասինշ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Աբդերռահման Ալ Թանիին: Ավելի վաղ Քաթարի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Քաթարը չի պատրաստվում սրել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք հայտարարել են Դոհայի հետ բոլոր կապերի խզման մասին:
Նախարարի խոսքով՝ Քաթարը նաեւ պատրաստ է այլ երկրների միջնորդությանը՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: «Քաթարը հավատում Է, որ ազգակից երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաթարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի իր պաշտոնակից Էմիր Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահի հետ: Քուվեյթը պահպանել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Զրույցից հետո Քաթարի Էմիրը որոշել է հետաձգել իր ուղերձը ժողովրդին՝ Քուվեյթի միջնորդական ջանքերին շանս տալու համար: Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների աջակցման եւ Մերձավոր Արեւելքի իրադրության ապակայունացման մեջ:
Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները եւ Մավրիկիոսը հետագայում նույնպես հայտարարել են Քաթարի հետ հարաբերությունները խզելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: