Հրաձգություն՝ Օռլանդոյում, իշխանությունները հայտնում են բազմաթիվ զոհերի մասին
ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան «բազմաթիվ զոհեր»: Այդ մասին հայտնել է Օրանջ-քաունթիի ոստիկանապետի գրասենյակը:
«Ոստիկանապետի գրասենյակի աշխատակիցներն աշխատում են պատահարի վայրում, իրադրությունը վերահսկվում է: Կան բազմաթիվ զոհեր: Շերիֆը լրացուցիչ տեղեկատվություն կհայտնի առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասված է ոստիկանության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
CNN-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել արվարձանի արդյունաբերական գոտիներից մեկում: Հրաձգության վայրում փակվել են մի քանի փողոցներ, ոստիկանությունը հավաքվել է միջադեպի վայրի հարեւանությամբ գտնվող պահեստների մերձակա կայանատեղիում: Ոստիկանությունը խնդրում է տեղեկատվություն ստանալու համար իրեն չզանգահարել գրասենյակ եւ վստահել միայն այն տեղեկություններին, որոնք կհայտնվեն Twitter-ում գրասենյակի պաշտոնական էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: