Բաժիններ՝

Լեյբորիստները պահանջում են Մեյի հրաժարականը՝ նրան մեղադրելով ոստիկանական կադրերի կրճատման մեջ

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել է երկրի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյի պաշտոնաթողությունը՝ նրան մեղադրելով ոստիկանական կադրերի կրճատման մեջ: Քորբինի պնդմամբ՝ Մեյը պատասխանատվություն է կրում այն շրջանում կարգի պահապանների թվաքանակի նվազեցման համար, երբ նա գլխավորում էր Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությունը: Քորբինն այդ կերպ է պատասխանել ITV հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ պատրաստ է նա արդյոք պաշտպանելու Մեյի պաշտոնաթողության կոչերը:

«Իհարկե, ես կպաշտպանեի,-ասել է նա,-որովհետեւ նման կոչեր են հնչում շատ պատասխանատու մարդկանց կողմից, որոնք խիստ անհանգստացած են այն բանից, որ նա ՆԳ նախարարությունը գլխավորում էր այն ամբողջ ընթացքում, երբ տեղի էր ունենում ոստիկանների թվաքանակի կրճատում, իսկ այժմ ասում է, թե իբր մեզ մոտ խնդիր է ծագել: Այո, մենք խնդիր ունենք, քանի որ մենք երբեք չպետք է կրճատեինք ոստիկանական կադրերի թվաքանակը»: Քորբինը նաեւ հասկանալ է տվել, որ այդ կոչը պրակտիկայում կարելի է իրագործել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում թորիների դեմ քվեարկելու միջոցով: «Հունիսի 8-ին մեր երկրում կայանալու են ընտրություններ, եւ դա, թերեւս, այդ հարցը լուծելու լավագույն հնարավորությունն է»:

Ընտրություններում հաղթելու դեպքում Լեյբորիստական կուսակցությունը խոստացել է անհապաղ ոստիկանության սպաների թիվն ավելացնել 10 հազարով: Սա է ընդդիմադիր քաղաքական ուժի պատասխանը ոստիկանության թվաքանակը 20 հազարով կրճատելուն՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում Մեյի գտնվելու ընթացքում, որը նա զբաղեցրել է 2010-ից մինչեւ 2016 թվականը: Լեյբորիստները գտնում են, որ այդ կրճատումն ուղղակիորեն նպաստել է երկրում հանրային անվտանգության մակարդակի իջեցմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս