Արցախում կկազմակերպվի «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոցը
Այս ամառ՝ օգոստոսի 1-ից Արցախում կմեկնարկի «Գիտելիքը ուժ է» ամառային երկշաբաթյա դպրոցը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:
Ամառային դպրոցը նախատեսված է Մարտունի քաղաքի, Գիշիի եւ հարակից գյուղերի 10-16 տարեկան մինչեւ 125 աշակերտների համար: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներին: Գաղափարը աջակցություն է ստացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության եւ Մարտունու վարչակազմի կողմից:
«Ուրախ ենք, որ Մարտունու շրջանի մի շարք համայնքների դպրոցականների համար ամռան ընթացքում ժամանցն ու կրթությունը համատեղելու նման հնարավորություն է ստեղծվում: Ներգրավված են բարձրորակ մասնագետներ եւ վստահ ենք, որ այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով»,-ասում է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը:
Ամառային դպրոցի համար պատրաստվել է հատուկ ուսումնաժամանցային ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել երեխաների հետազոտական, ստեղծագործական համագործակցության հմտությունները՝ ժամանցային եւ կրթական բաղադրիչների միջոցով: Կրթական մասը կառուցված է STEAM (Science, Technology, Engineerig, Arts, Math) կրթության մոտեցումների հիման վրա: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառմամբ եւ հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով կամրապնդվեն եւ կխորացվի մասնակիցների գիտելիքները՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ արվեստի ու պատմության բնագավառներում։ Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ հայ ժողովրդի պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը:
«Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից, ով անցյալ տարի հաճախել է ճամբար եւ ցանկություն է հայտնել, որ իրենց ճամբարը նորից գործի: Մենք էլ՝ հայաստանցի եւ արցախցի մի խումբ մասնագետներով որոշեցինք կյանքի կոչել այն եւ նախաձեռնել այնպիսի մի ճամբար, որն իսկապես օգտակար կլինի երեխաների համար՝ ապահովելով թե նրանց ժամանցը, թե անհրաժեշտ ու օգտակար գիտելիքների փոխանցումը: Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, երեխաների հետ կաշխատեն Հայաստանից եւ Արցախից ընտրված լավագույն մանկավարժները, ովքեր իրենց փորձով կկիսվեն նաեւ տեղի ուսուցիչների հետ»,-ասում է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:
«Թեեւ սա ամռային դպրոց է եւ կրթական մասն ավելի գերակա է, բայց ծրագիրը մշակելիս փորձել ենք մեծ ուշադրություն դարձնել նաեւ ժամանցին: Ընդհանուր առմամբ, ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին դպրոցում ստացած գիտելիքները, դասագրքերում ներկայացված երեւույթներն ավելի լավ պատկերցնել թե պատկերացնել, տեսնել դրանց դրսեւորումները կյանքում, հասկանալ, որ այդ երեւույթներն իրականում կարեւոր են իրենց համար»,-ասում է նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու եւ համակարգող Տաթեւիկ Նալբանդյանը, ով նաեւ Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գրասենյակի կրտսեր դպրոցի ծրագրի խորհրդատու է։
Ամառային դպրոցը հնարավորություն կտա մասնակիցներին իրականացնել իրենց փոքրիկ հետազոտությունը ըստ հետաքրության եւ ներկայացնել այն ընկերներին եւ ուսուցիչներին։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդպիսով աշակերտների շրջանում կմեծանա գիտության ասպարեզում մասնագիտական կրթություն ստանալու հակումը։
Կիրականացվեն նաեւ երեխաների շփման, հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված խաղեր եւ վարժություններ, կլինեն սպորտային պարապմունքներ, պար, ֆիլմերի ցուցադրություն: Ճամբարականները կհուրընկալեն նաեւ հայտնի մարդկանց, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով: Կլինի նաեւ այցելություն զորամաս եւ անմիջական շփում զինվորների ու սպայական կազմի հետ։
«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնություն