Արցախի ՊԲ-ն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում. Լևոն Մնացականյան
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Ռազմական լրագրության» դասընթացների շրջանակում հունիսի 2-ից 4-ը Արցախում էին գտնվում հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչներ:
Այցի առաջին օրը լրագրողները եղել են բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Իսկ հունիսի 4-ին տեղի է ունեցել լրագրողների հանդիպումը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:
Հարց ու պատասխանի ձևաչափով անցած հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը ներկայացրել է առաջնագծում տիրող իրադրությունը, բանակում կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող գործընթացների համալիրը, անդրադարձել հակառակորդի սադրիչ գործողություններին արցախյան զինուժի պատասխան գործողությունների առանձնահատկություններին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում և պատրաստ է այսուհետ ևս պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպան ընթացքում Լևոն Մնացականյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն