Բաժիններ՝

Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Վրաստանից ադրբեջանցի լրագրողի առևանգման առնչությամբ

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է արել՝ կապված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին Վրաստանից առևանգելու ու Ադրբեջան տեղափոխելու հետ:

Կոսիյանչիչը նշել է, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում և
իրավապաշտպանների անօրինական առևանգումը, այնուհետև Ադրբեջանում նրանց ձերբակալումն ու հետապնդումը պահանջում են արագ, մանրամասն ու թափանցիկ հետաքննություն իրականացնել: Նա ողջունել է Վրաստանի իշխանությունների կողմից նման հետաքննության անցկացման մասին հայտարարումը:

«Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների, այդ թվում և խոսքի ազատության իրացման սահմանափակումների վերանայումը և դրանց հետևանքով բոլոր ներգրավված անձանց ազատ արձակումը հրատապ հարց է՝ համաձայն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների:

Մենք ակնկալում ենք, որ կապահովվի անհրաժեշտ իրավական գործընթաց, կհարգվեն այն քաղաքացիների քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, ովքեր օրինական կերպով բնակվում են այլ երկրներում»,­ նշել է Կոսիյանչիչը:

Նա հիշեցրել է, որ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ «ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական ձերբակալության, կալանքի կամ արտաքսման»:

ԵՄ հանձնաժողովի խոսնակը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է մոտիկից հետևել դեպքի զարգացումներին:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:

Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել երեք ամսով կալանքը:
Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս