Պրահայում տեղի է ունեցել Հանրապետության տոնին նվիրված միջոցառում
Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում մայիսի 28-ին տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված Հանրապետության տոնին, որի շրջանակում կայացել է «Thank you, հայրիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը և ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ հանդիպումը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Դեսպան Սեյրանյանը, իր երախտագիտությունը հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու հովանավորներին, շնորհավորել է ներկաներին տոնի առթիվ, անդրադարձել մայիսի 28-ի խորհրդին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանին և նրա անցած ստեղծագործական ուղին:
Այնուհետև միջոցառումը շարունակվել է Միքայել Պողոսյանի հոբելյանի առթիվ նկարահանված կարճ տեսահոլովակի դիտմամբ և «Thank you, հայրիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո խոսքով հանդես է եկել նաև Միքայել Պողոսյանը:
Իր խոսքում անվանի արվեստագետը նշել է, որ շատ ուրախ է Պրահա այցելության և հայ համայնքի հետ հանդիպման համար: Ներկայացնելով արվեստի ու մշակույթի մասին հետաքրքիր ու հուզիչ պատմություններ՝ Միքայել Պողոսյանն անդրադարձել է հայրենիքսփյուռք մշակութային կապերին, խոսեց իր ապագա ստեղծագործական ծրագրերի մասին: Միջոցառման ավարտին ՀՀ ժողովրդական արտիստը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: