Ավտոբուսի կողաշրջման հետևանքով անչափահաս ուղևորներից մեկը գանգուղեղային ցնցում է ստացել
Ազատության պողոտայում մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, իրենց մոտ տեղափոխված երեք անչափահասներից երկուսը դուրս են գրվել, մյուսը
գանգուղեղային ցնցումով շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:
«Նրա վիճակը բավարար է»,տեղեկացրին բուժկենտրոնից: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից էլ մեզ տեղեկացրին, որ պատահարից հետո իրենց մոտ տեղափոխված 6 քաղաքացիներից հինգը հետազոտվելուց անմիջապես հետո դուրս են գրվել, մեկը մի քանի ժամ մնացել է հիվանդանոցում, ինչից հետո եւս դուրս է գրվել:
Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ: