Գեորգի Մարգվելաշվիլին խոսել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրողի գործի մասին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատասխանել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի վերաբերյալ լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydantv-ն:
Վրաստանի նախագահը նշել է, որ այս դեպքը լուրջ վտանգի տակ է դրել իր երկրի հեղինակությունը, և վերջին օրերին Վրաստանը գտնվում է կառավարական ճգնաժամի մեջ:
«Մեր երկրի հեղինակությունը շատ լուրջ վտանգի տակ է: Ձեզ ցանկանում եմ հայտնել, որ ես և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, ադրբեջանցի լրագրողի գործի հետ կապված գտնվում ենք կառավարական ճգնաժամի մեջ: Ներկայումս մենք փորձում ենք փրկել մեր երկրի հեղինակությունը, ադեկվատ պատասխաններ տալ արտերկրից և երկրի ներսից մեր հասցեին տեղացող մեղադրանքներին և այդ պատճառով նույն պես ճգնաժամային իրավիճակում ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը նշել է, որ այս հարցի հետ կապված բացատրություններն իր համար անհասկանալի են:
«Մի քանի օր առաջ մի մարդ անհետանում է Թբիլիսիում և ավելի ուշ հայտնվում Բաքվում, այս ամենը մանկական խաղ է: Մենք նստել և մտածել ենք, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ: Ես պարզապես չգիտեմ, թե ում հարցնեմ, գուցե Դեյվիդ Կոպերֆիլդը կարողանա մեզ օգնել այս հարցում»,- ասել է նախագահը:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:
Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներեն: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:
Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքեր, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:
Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել երեք ամսով կալանքը:
Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրոպական միությունը, Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: