Բաժիններ՝

Մարտական հրաձգությամբ՝ գնդային մարտավարական զորավարժություն

Մայիսի 29-ից հունիսի 2-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի և ենթակա զորամասերի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:

Հունիսի 2-ին տեղի ունեցած մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև Արցախաի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, նպատակ ուներ ստուգելու անձնակազմի գործողությունները մարտի ժամանակ, նրանց նախապատրաստումը թշնամու զինված խմբավորումները ջախջախելու համար:

Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությկան շրջանակում թշնամու կրակակետերի խոցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել առաջնագիծը: Միաժամանակ հակառակորդի հետագա առաջխաղացումը կասեցնելու և մտադրությունները ձախողելու նպատակով մարտի մեջ են մտցվել զրահատանկային ուժերը և գրագետ գործողությունների շնորհիվ պայմանական մարտադաշտում պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Զորավարժությունների ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ միավորման հրամանատարության կողմից արժանացել են շնորհակալագրերի, կրծքանշանների ու թանկարժեք նվերների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս