«Միջազգային ճգնաժամային խումբը մարդասպանների խումբ է». Աշոտ Մանուչարյան
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ արցախյան հարցի վերաբերյալ միջազգային հանրությունը մի «փիլիսոփայություն» է ձևավորել, որն իրականությանը չի համապատասխանում։
«Ըստ դրա՝ կան կռվարար երեխաներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, և կան բարի քեռիներ՝ միջազգային կազմակերպություններ, դիտորդներ, որոնք օր ու գիշեր զբաղված են նրանց հանդարտեցնելով։ Դա իրականությանը չի համապատասխանում. իրականում հակառակն է։ Միջազգային ճգնաժամային խումբն այսօր ամբողջ աշխարհում զբաղված է պատերազմների հրահրմամբ, ճգնաժամերի ստեղծմամբ՝ նպատակ ունենալով պահպանել կառավարման գոյություն ունեցող համակարգը։ Նրանց խնդիրը դա է»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով, որ ամբողջ խնդիրն այն է՝ ժողովուրդները կկարողանա՞ն այդ ուժերի ստեղծած աքցանից դուրս գալ։
«ԵԱՀԿ-ն մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի հրահրողներից մեկն էր, որովհետև, եթե դուք ձեր փաստաթղթերում գրում եք՝ օկուպացված տարածքներ, եթե Սարսանգի մասին որոշում եք ընդունում, որ օկուպացիայի պատճառով բնակչությունը մնացել է առանց ջուր, դուք ասում եք Ադրբեջանին՝ օրինական իրավունք ունես պատերազմով վերադարձնել այդ տարածքները»,- ասաց նա։
Մանուչարյանի խոսքով՝ ոչինչ չի փոխի նաև միջազգային դիտորդների թվի 7-ով ավելացումը.
«Կա մի տրամաբանություն, որի մեջ դրված են այդ ամբողջ իրադարձությունները։ Եթե մենք թույլ տանք, որ մեզ խաբեն, մենք հիմնականը բաց կթողնենք։ Միջազգային ճգնաժամային խումբ կոչվածը կատարել է մեծ հանցագործություն՝ տարածաշրջանի ժողովուրդների դեմ, երբ 2000-ականների սկզբին հրապարակեց մի փաստաթուղթ, որում մասնավորապես նշված էր՝ օկուպացված տարածքներ, նաև նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ տարածքները չբնակեցվեն հայերով։ Եթե նշեին՝ հայաստանցիներով, էլի կհասկանայինք։
Հետևաբար՝ Միջազգային ճգնաժամային խումբը մարդասպանների խումբ է, և պետք է իրերն իրենց անունով անվանենք։ Զիվորները դրված են այդ իրավիճակի մեջ, և մենք ոչ թե պետք է մեղադրենք հայ կամ ադրբեջանցի զինվորներին, այլ այն հանցագործներին՝ ի դեմս միջազգային կառույցների, գերտերությունների, որոնք այդ սպանդն իրականացնում են»։
168.am-ը հետաքրքրվեց, թե Ադրբեջանի կողմից ի՞նչ արձագանք կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Երևան և Ստեփանակերտ։
«Պարոն Նաթանյահուն (նկատի ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին.- Ռ.Մ.) կասի՝ ինչ արձագանք պետք է ունենա, այդ արձագանքն էլ կունենա։ Պարոն Նաթանյահուն այն երջանիկներից է, որ որոշում է այս մոլորակի բախտը, և, եթե նա որոշեց, որ Ադրբեջանը պետք է դրանից հետո կրակի, հայ զինվոր սպանի, և այլն, Ադրբեջանն այդպես էլ կանի»,- ի պատասխան՝ ասաց նա՝ հավելելով, որ Նաթանյահուն համակարգ է ներկայացնում, որի մեջ մտնում են տարբեր մարդիկ՝ տարբեր երկրներից։
«Այդպիսի մարդիկ բոլոր տեղերում էլ կան, և նրանք սպասարկում են պատերազմի գործառույթը։ Ուղղակի կա նաև մարդկանց շրջանակ, որոնք ընդդիմանում են։ Ընդհանրապես, եթե մարդկությունը տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, բոլորը դրան դեմ կլինեն»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում