Քլինթոնը «պատմական սխալ» է համարել Փարիզի համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «պատմական սխալ» է համարել ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
«Պատմական սխալ: Աշխարհը միահամուռ առաջ է շարժվում կլիմայական փոփոխությունների հարցում: Փարիզի համաձայնագրից դուրս գալը հետեւում է թողնում ամերիկյան ընտանիքներին ու աշխատավորներին»,-գրել է նա Twitter-ում:
Իր հերթին The Walt Disney Company ամերիկյան կոնգլոմերատի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ-ի նախագահին առընթեր Ռազմավարության եւ քաղաքականության համաժողովի կազմից, որը բիզնեսի նշանավոր գործիչների խորհրդատվական խորհուրդ է: Այդ որոշումը կապված է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշման հետ:
Ավելի վաղ համանման հայտարարություն է արել ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը գլխավորում է Tesla եւ Spacex ընկերությունները Նախօրյակին Թրամփը հայտարարել է կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Նրա կարծիքով՝ այն շահավետ չէ Միացյալ Նահանգների համար:
Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի կա՛մ Փարիզի համաձայնագրին կրկնական անդամակցության, կա՛մ «նոր գործարքի» կնքման շուրջը «Միացյալ Նահանգների, նրա ձեռնարկությունների, նրա աշխատողների, նրա մարդկանց, նրա հարկատուների համար արդարացի պայմաններով»:
Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի:
Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:
2016 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ԱՄՆն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվել է մինչեւ 2025 թվականը արտանետումների մակարդակը 10-ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26-28 տոկոսով,
հաղորդել է ՌԻԱ Նովոստին: