Բաժիններ՝

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն աննախադեպ նվեր ընծայեց հաշմանդամություն ունեցող մանուկներին՝ նրանց պարգևելով սոցիալական ծառայություններ մատուցող ժամանակակից կենտրոն։ Դա իրականություն դարձավ իր տեսակի մեջ բացառիկ համագործակցության հուշագրի շնորհիվ, որը 2017թ․ հունիսի 1-ին կնքվեց «Երևան իմ սեր» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև։

Հուշագրի շրջանակներում «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից հիմնովին վերակառուցված Հին Երևանի պատմական շինություններից մեկում կգործարկվի Ընտանեկան աջակցություն կենտրոնը։ Ընդարձակ և մատչելիության միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաները կուսուցանվեն անկախ կյանքի հմտություններ։ Կիրականացվեն մի շարք վերականգնողական և կրթական ծրագրեր, ինչպես նաև ճանաչողական և ֆիզիկական թերապիա:

Ընտանեկան աջակցության կենտրոնի ծառայություններն առաջին հերթին նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, սակայն չեն սահմանափակվում նրանցով։ Կենտրոնի դռները բաց կլինեն նաև փախստական ու տեղահանված երեխաների, պատշաճ խնամքից զուրկ և այլ՝ սոցիալապես անապահով խավերի մանուկների համար։ Մեկ տարվա ընթացքում շուրջ 150 ծնող կմասնակցի հատուկ դասընթացների, որտեղ նրանք ձեռք կբերեն հաշմանդամություն ունեցող երեխաներին առավել լավ խնամք տրամադրելու հմտություններ։

Երեխաների համար նախատեսված կենտրոնի բացառիկ առանձնահատկություններից կլինի նաև ընդարձակ կանաչապատ այգին, որտեղ կանցկացվեն կրթական դասընթացների և թերապիայի մի մասը, կկազմակերպվեն բացօթյա ցուցադրություններ և ներկայացումներ։
Նորաբաց կենտրոնում կաշխատեն «Լիարժեք կյանք» ՀԿ-ի մասնագետները, որոնք ունեն նմանատիպ ծառայություններ տրամադրելու հարուստ և բազմակողմանի փորձ։

Հուշագրի կողմերը՝ «Երևան իմ սեր» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը, իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ում աջակցությամբ հնարավոր դարձավ այս երեխայանվեր ձեռնարկի գործարկումը։

Ընդամենը մի քանի ամիս անց՝ 2017թ․ սեպտեմբերին, լիովին նորոգված և անհրաժեշտ բոլոր հատուկ հարմարություններով հագեցած Ընտանեկան աջակցության կենտրոնը կողջունի իր առաջին մանուկ այցելուներին և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց՝ դառնալու հասարակության անկախ, ինքնուրույն և արժանապատիվ անդամներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս