«Սասնա ծռեր»-ի անդամները կարող են տեսակցել իրենց ընտանիքների անդամներին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամներ Ա. Պետրոսյանը, Ա. Լամբարյանը և Ա. Խանդոյանը կարող են տեսակցել իրենց ընտանիքների անդամներին: Այսպիսի որոշում կայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Նախաքննության ժամանակ նրանց արգելվել էր տեսակցությունը հարազատների հետ: Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Երևանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի վերոնշյալ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը և կրելը, կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը, առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը և այլն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։