ՄԻՊ ընտրություն. ինչպես են քվեարկելու ԱԺ խմբակցությունները

Այսօր ԱԺ նիստում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցում իրենց խմբակցությունում ազատ է թողնվելու ընտրությունը, ցանկացած պատգամավոր իր խղճի մտոք կքվեարկի, որովհետև իրենք մտահոգ են, որ այս պահին մեր երկրում չկա մարդու իրավունքների պաշտպան:

ՀՅԴ խմբակցության կողմից պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցության հետ հանդիպման ժամանակ Ա.Թաթոյանը փարատել է բոլոր մտահոգությունները: Ըստ նրա՝ ՄԻՊ-ի աշխատանքի գնահատականը լինելու է ոչ թե՝ ինչքան շատ բողոքողներ կան, այլ՝ թե որքան է կանխել մարդու իրավունքների խախտումները: Ա.Մինասյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ իրենք նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ ՄԻՊ ընտրությունը մի հարց է, որ կանխորոշված է Սերժ Սարգսյանի կաբինետում: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի կողմից էր նաև պարտադրված Կարեն Անդրեասյանի հրաժարականը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Ա.Թաթոյանը դառնա իր կամքի արտահայտողը, և քննադատությունը լինի «լայթոտ», իսկ ընդդիմությունը փորձելու է կերտել «Ռեմբո»: Նա նշեց, որ խմբակցությունում քվեարկությունը թողնվել է ազատ, և կան պատգամավորներ, որ արդեն վստահ են, որ Թաթոյանը փայլուն ՄԻՊ կլինի:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն համոզված է, որ Արման Թաթոյանն ընտրվելուց հետո կդառնա յուրաքանչյուրի թեկնածուն: Նա միաժամանակ նշեց, որ, թեև իրենք են ներկայացրել Թաթոյանի թեկնածությունը, սակայն նա ազատված չէ քննադատությունից:

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցող և խմբակցության դիրքորոշումը ներկայացնող չեղավ: Ընդ որում՝ Զարուհի Փոստանջյանը, ում թեկնածությունը ՄԻՊ-ի համար նույնպես առաջադրվել էր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում քննարկման համար, այսօր բացակայում է և չի մասնակցում ԱԺ նիստին:

Տեսանյութեր

Լրահոս