Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կիսել նաև մարզերը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառուցողական ելույթ է ունենալու ոչ միայն «ՀՀԿ-ՀՅԴ տոնը չփչացնելու համար», այլ, որովհետև հայ հանրությունն «անհամբեր սպասում է այսօր արտահերթ ռեժիմով կայացվող որոշմանը, որը պետք է վճռական դեր ունենա բազամչարչար հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար»:
Ն.Փաշինյանը նշեց, որ քննարկվում է կարևորագույն մի հարց՝ ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարությունը կիսելու և նոր տարածքային կառավարման նախարարություն ստեղծելու մասին, իսկ ժողովուրդը «վաղուց և սրտատրոփ է սպասում» Դավիթ Լոքյանի՝ ՏԿ նախարար նշանակմանը: Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ 1 տարի 3 ամիս առաջ «խորը կսկիծով» միացվեցն ԱԻՆ-ը և ՏԿՆ-ն, և Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո այդ պաշտոնի համար ավելի հարմար «կլիենտ, ներողություն՝ թեկնածու չգտնվեց»:
Պատգամավորի խոսքով՝ այս ընթացքում հազարավոր առաջարկներ են ստացվել ընտրողներից, ովքեր պահանջում էին ՏԿ և ԱԻ նախարարությունները անջատել և ահա «վերջապես ժողովրդի պահանջը ի կատար է ածվում»:
Ն.Փաշինյանն ընդգծեց, որ սրա ակնհայտ առավելությունը ոչ միայն այն է, որ Դավիթ Լոքյանին նախարար նշանակելու հնարավորություն է տրվում, այլ որ սա թույլ կտա գործից չազատել գործող նախարար Արմեն Երիցյանին: Նա մտահոգիչ համարեց, որ ՀՅԴ-ին տրվելիք մյուս երկու նախարարությունների՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ազատվելու են պաշտոններից և նրանց փոխարեն նշանակվելու են դաշնակցական նախարարներ, ինչը «չափազանց անթույլատրելի և ոչ կառուցողական է», եթե կարելի է ԿԳՆ-ն առանձնացնել և դարձնել լուսավորության ու կրթության նախարարություն, էկոնոմիկայի նախարարությունն էլ, որ մի ժամանակ էկոնոմիկայի և առևտրի նախարարություն էր, կարելի է կրկին կիսել:
Սա, Ն.Փաշինյանի կարծիքով, ավելի համապատասխան կլիներ այն իդելաներին, որ հռչակեց Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարի 12-ին: «Գյոզալ» մարզպետներին էլ աշխատանքից ազատելու կոշտ քայլի փոխարեն Ն.Փաշինայնն առաջարկեց կիսել մարզերը. «Թող լինի առանձին Արագածի և առանձին Ոտնի մարզ, թող լինի առանձին Գեղարի և առանձին Ունիքի մարզ: Իսկ թե կիսված մարզերի որ մասում հանրապետական մարզպետ կնշանակվի, որում դաշնակցական, սա արդեն, կարծում եմ, սուգուբը ՀՀԿ-ՀՅԴ ներկուսակցական հարաբերությունների հարց է»:
«Վերջին պահը պերեդոզ էր»,- Փաշինյանի հեգնական ելույթից հետո նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: