Արամ Առաջին. «Չպետք է մոռանալ, որ մեր հարևանները գիշեր ու ցերեկ մտածում են Ղարաբաղը վերագրավելու մասին»
«Ղարաբաղի անկախության առավել ամրապնդումը մեր ազգային պահանջատիրության կարևոր կողմերից մեկն է»,- փետրվարի 13-14-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արժևորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինը:
Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Նրա խոսքով, չպետք է մոռանալ, որ հայերի հարևանները գիշեր ու ցերեկ մտածում են Ղարաբաղը վերագրավելու մասին. «Չմոռանանք, որ նույնիսկ մեզ բարեկամ նկատվող երկրները, իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով այնքան էլ մեզ համար նպաստավոր մոտեցումներ չունեն Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Հետևաբար, պետք է արթուն լինել: Ղարաբաղի մեջ մեր ժողովրդի ֆիզիկական ներկայությունը հրամայական է, Ղարաբաղի մեր քաջ բանակի հզորացումը մեր բոլորի առաջնահերթ պարտավորությունն է։ Ուրիշների ունեցած նյութական կամ ռազմական լայն հնարավորությունների դիմաց՝ մենք ունենք մեր երիտասարդ զինվորների քաջությունը և մեր ազգի ամբողջական զորակցությունը»:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, Արամ Առաջինը նշել է, որ ազգային պահանջատիրությունը չպետք է դիտարկել նեղ շրջագծի մեջ. «Ազգային պահանջատիրություն նշանակում է որպես ազգ և հայրենիք ինքնահաստատում և ինքնահզորացում, գոյության ամրացում, կյանքի բարգավաճում և մեր բռնաբարված իրավունքների վերականգնում և միջազային համայնքներում մեր ազգի և հայրենիքի ներկայության ամրապնդում»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կարևորել է Հայաստանի հզորացումը՝ որպես հիմք ազգային պահանջատիրական պայքարի. «Տկար, մեկուսացած, անկազմակերպ Հայաստանը չի կարող մեր ազգի իրավունքների պահանջատերը դառնալ, չի կարող հարգանք պարտադրել և լսելի դառնալ միջազգային հարթակներում: Հետևաբար, Հայաստանի հզորացումն իր տնտեսական, ռազմական և այլ բնագավառներում հրամայական անհրաժեշտություն է: Սա իրագործելու համար արտագաղթի կասեցումը, Սփյուռքի առավել կազմակերպ զորակցությունը Հայաստանին կենսական են»:
Արամ Առաջինի խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետո Ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ հատուցումը պետք է դառնա աշխատանքների կիզակետը:
Արամ Առաջինն իր խոսքում կարևորել է նաև միասնականության ամրապնդումը. «Մենք ողջունում ենք Հայաստանի նախագահի ելույթը նոր Սահմանադրության առիթով: Մեր սպասումն է ու մաղթանը, որ նոր Սահմանադրությունը քաղաքական նոր մշակույթ, նոր համակարգ ու նոր մտածողություն առաջացնի և Հայաստանին դնի ավելի կայուն և բարգավաճ ընթացքի մեջ»