Հայաստանը ԵԽ ԽՎ-ում պարտվել է. Հրանտ Բագրատյան

«ԵԽ ԽՎ-ում մենք պարտվել ենք, նրանք եկել էին, որ երկու գոլ խփեն մեզ, մենք մի գոլը թույլ չենք տվել, այսինքն՝ 2:0-ի փոխարեն 1:0 ենք պարտվել, որովհետև մինչև ԵԽ ԽՎ-ն մեր դեմ բանաձև չկար, ԵԽ ԽՎ-ից հետո մեր դեմ բանաձև կա»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով երեկ աժ հայտարարությունների ժամին ԵԽ ԽՎ-ում «տարած հաղթանակների» մասին ելույթներին:

Ըստ նրա՝ ՀՀ պատգամավորները խոսում են մուսուլմանների մասին, բայց ՀՀ-ն չէ, որ պետք է մտածի Եվրոպայի մուսուլմանացման մասին: Հ.Բագրատյանը հիշեցրեց պատմական օրինակները, երբ Հայաստանն օգնում էր Եվրոպային օսմանյան արշավանքների ժամանակ, որի հետևանքով թուրքերը գալիս Հայաստանն էին գրավում. «Հայաստանը գրավվել է արևմուտքից, արևելքից չի գրավվել: Մենք հիմա դարձել ենք մուսուլման-քրիստոնյա հարցի լուծո՞ղ, դա մե՞ր խնդիրն է: Մենք մի հարց ունենք էս աշխարհում՝ Ղարաբաղի հարցը: Ցանկացած այլ ուրիշ ցանկություն պարտության է տանելու Ղարաբաղի հարցը: Եվրոպայում, որ իսլամաֆոբիա կա, մենք դրանով չպետք է ուրախանանք: Հետո, մուսուլմանները տարբեր են, ա՛յ ընկերներ, շիիթներ կան, որ ամենամոտն են մեզ, սունիներն էլ միանշանակ մեր թշնամիները չեն: Մի քիչ պատմություն իմացեք էս բաները էստեղ ասելուց առաջ»:

Հ.Բագրատյանի խոսքով՝ ԱԺ դահլիճում չկա 3 մարդ, որ գիտի Սարսանգի ջրամբարի խնդիրը: Նա նշեց, որ Սարսանգում ՀԷԿ կա, ու ձմռանն այդտեղ ջուր են թողնում, ու դրանից է սկսվել խնդիրը, իսկ ԱԳՆ-ն այս մասին չի գրել, որովհետև չգիտեն այդ մասին:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ ազատականները լավ չեն աշխատել ԱԼԴԵ-ի խմբակցության հետ, դրա համար այն կողմ է արտահայտվել հակահայ զեկույցներին, Հ.Բագրատյանը պահանջեց իրենց փոխարեն վճարել ԱԼԴԵ-ի անդամավճարը. «Անդամավճարը 5000 դոլար է, եկեք վճարեք, մենք բիզնես չունենք: Ձեր համար կարող ա մի սեղանի հաշիվ ա 5000 դոլարը, վճարեք»:

Տեսանյութեր

Լրահոս